Միայնակ մայր, 37-ամյա Կարինե Գասպարյանին օգնություն է անհրաժեշտ. երեւանցի կնոջ մոտ երկու ամիս առաջ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, նրան գումար է հարկավոր՝ քիմիոթերապիայի կուրսեր անցնելու համար:

«Արդեն քիմիոթերապիայի մեկ կուրս եմ անցել: 360 հազար դրամ գումար անհրաժեշտ եղավ դրա համար: Առաջինը լավ ազդեցություն է ունեցել: Երկրորդը անելու ժամանակն է արդեն, բայց գումարը չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Գասպարյանը՝ նշելով, որ ամենաքիչը 6 կուրս պետք է անցնի:

37-ամյա կինը 16-ամյա մեկ որդի ու 18-ամյա մեկ դուստր ունի: Զավակները, որոնց տիկին Կարինեն միայնակ է մեծացրել, այժմ թողել են ուսումը՝ մորը խնամելու համար:

«Տղաս ավագ դպրոցում է սովորում: Դասի չի գնում հիմա, որ ինձ խնամի: Դասղեկը զանգում, ասում ա՝ գոնե մեկ-մեկ արի, ասում ա՝ մամայիցս թանկ բան չկա, ուզում եք՝ թողեք նույն դասարանում»,- պատմեց տիկին Կարինեն:

Ընտանիքի 18-ամյա դուստրն էլ կիսատ է թողել բարձրագույն կրթությունը: Փրկարար դառնալու երազանքը մի կողմ դնելով, նա այժմ ամբողջ ժամանակը տրամադրում է աշխատանքին, ստացած գումարը, սակայն, միայն առօրյա հոգսերը հոգալուն է բավականացնում:

Երեխաների մայրը լավատեսորեն է տարմադրված, հավատում է, որ ինքն այժմ  ուղղակի դժվար փորձության միջով է անցնում ու շուտով բուժվելու է:

«Ես ամեն օր գնում եմ Աստծո տուն, խնդրում եմ, որ ամեն ինչ լավ լինի: Մեծ հույս ունեմ, որ լավանալու եմ, որովհետեւ երկու երեխեքս ինձ են նայում, ես պետք է իրենց կողքին լինեմ»,- ասում է նա:

Կարինե Գասպարյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել են հաշվեհամարներ:

AMD-16072025552200

USD- 16072025552201

EUR- 16072025552202

RUR- 16072025552203

Կարինե Գասպարյանի հեռախոսահամարն է՝ 093 394 181