2015 թվականին ռեկորդային թվով ուկրաինացիներ են այցելել ԱՄՆ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունն անցյալ տարի այդ երկրի քաղաքացիներին աննախադեպ թվով ոչ միգրացիոն մուտքի վիզա է տրամադրել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ամերիկյան դեսպան Ջեֆրի Փայեթը:

«Ուրախ եմ, որ 2015 թվականին մենք աննախադեպ քանակությամբ ոչ միգրացիոն վիզա ենք տրամադրել: 2014-ից ուկրաինացիներին գործնական այցելությունների եւ տուրիզմի համար 10-ամյա վիզաներ են տրամադրվում: Դա առավելագույնն է, որ թույլատրված է ամերիկյան օրենսդրությամբ: Եվ անցյալ տարվա հոկտեմբերի դրությամբ նույնը գործում է նաեւ ուկրաինացի նավաստիների, օդանավի ուղեկցորդների ու առեւտրային նավերի անձնակազմի անդամների համար, ինչի մասին մենք հանդիսավորությամբ հայտարարեցինք Օդեսայում»,- նշել է դեսպանը:

Ըստ Ինտերֆաքսի, Փայեթն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ վիզային հարաբերությունների ազատականացման հարցին՝ հիշեցնելով, որ գոյություն ունեն մի շարք պահանջներ, որոնք երկիրը պետք է կատարի առանց վիզայի ռեժիմի ծրագրի շրջանակում: Դրանք վերաբերում են պատժի իրականացմանը, անվտանգության հետ կապված տվյալների բազայի համատեղ օգտագործմանը, էլեկտրոնային անձնագրերին, ահաբեկչության դեմ պայքարի մակարդակին եւ սահմանային վերահսկողության ստանդարտներին: