Հայաստանում կանայք հիմնականում դատապարտվում են խարդախության, գողության, թրաֆիքինգի, պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու համար:  NEWS.am-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը պատմել է Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների, ՔԿՀ-ում առկա խնդիրների այլ հարցերի մասին:

Որքանո ՞վ են Հայաստանում պաշտպանված ազատազրկված կանանց իրավունքները:

Ներկայում ազատազրկված կանայք ՀՀ-ում պատիժը կրում են Աբովյան քրեակատարողական հիմնարկում: 2014թ-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է Աբովյան ՔԿՀ-ի խորքային դիտարկում «Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում, ինչի արդյունքները թույլ են տալիս նշել, որ դեռեւս կան մի շարք խնդիրներ կապված Աբովյան ՔԿՀ-ում դատապարտյալների պահման պայմանների, առողջապահական ծառայությունների որակի եւ հասանելիության, սննդի որակի, սանիտարահիգիենիկ պայմանների, դատապարտյալների զբաղվածությունը եւ այլ հարցերի հետ կապված: Նման պայմաններում կարող ենք նշել, որ կին դատապարտյալների իրավունքները պաշտպանվածության առումով դեռեւս խնդրահարույց են:

Օրինակ, կանայք պատիժը կրում են կացարաններում, որի պարագայում անձնական մեկուսացվածության եւ սեփական տարածքի հնարավորությունը չի ապահովվում: Կանանց համար, ի տարբերություն տղամարդկանց, նախատեսված չէ առանձին Դատապարտյալների հիվանդանոց, ինչի պատճառով կանայք առողջական խնդիրների դեպքում ստիպված են մեծամասամբ իրենց հաշվին բուժում ստանալ քաղաքացիական հիվանդանոցում: Մտահոգիչ է նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների հարցը: ՔԿՀ-ի կողմից տրամադրվող անկողնային պարագաները, օրինակ, բավականին անորակ են, բացի այդ, սպիտակ, ինչը շուտ է կեղտոտվում, իսկ ՔԿՀ պայմաններում դժվար է սպիտակեղենը միշտ սպիտակ պահել ու հեշտությամբ լվանալ: Իսկ լվացքի հնարավորությունները սահմանափակ են եւ անհարմար: Կանանց տրամադրվող սանիտարահիգիենիկ պարագաները անորակ են եւ մեծամասամբ կանանց կողմից չեն օգտագործվում, ինչը լրացուցիչ հոգս է դառնում նրանց ընտանիքների համար:

Քանի ՞ ազատազրկված կին կա Հայաստանում եւ նրանցից քանիսն են մայր:

Աբովյան ՔԿՀ-ում 2015թ-ի հունիսի դրությամբ եղել է  180 ազատազրկված կին, որից 42-ը կալանավոր. 2016թ-ի հունվարի դրությամբ ազատազրկված կանանց թիվը 182 է եղել, որից 55-ը՝ կալանավոր: Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության պահին արձանագրվել է մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող՝ պատիժ կրող թվով 3 կին դատապարտյալ:

Արդյոք ազատազրկումը կանանց վրա ավելի վատ ազդեցություն է ունենում, քան տղամարդկանց:

Ազատազրկումը յուրաքանչյուր անձի վրա յուրովի բացասաբար է անդրադառնում: Հիմնական խնդիրը եւ բացասական հետեւանքը, որը վրա է հասնում ազատազրկված կանանց համար դա ընտանեկան կապերի թուլացումն ու երեխաներից հեռացումն է: Հաշվի առնելով կանանց՝ սեռով պայմանավորված առանձնահատկությունները ազատազրկումը նրանց ավելի խոցելի է դարձնում եւ անդառնալի հետեւանքներ առաջ բերում:

Կանանց նկատմամբ  այլընտրանքային պատիժներ սահմանելու անհրաժեշտություն կա՞, թե ոչ:

Անշուտ կա կանանց, եւ ոչ միայն կանանց, նկատմամբ այլընտրանքային պատիժների սահմանելու եւ պրակտիկայում արդյունավետորեն կիրառելու անհրաժեշտություն: Այդ դեպքում անձը, ով հանցանք է գործել, սակայն նվազ վտանգավորությամբ է բնութագրվում, հնարավորություն կստանա չմեկուսանալ հասարակությունից ու իր ընտանիքից, այլ այլընտրանքային պատիժ կրել՝ ազատության պայմաններում:

ՔԿՀ-ում հիմնականում ի ՞նչ խնդիրների են առնչվում կանայք:

Խնդիրները կան պահման պայմանների հետ, բուժսպասարկման հասանելիության եւ որակի հետ: Խնդրահարույց է նաեւ նրանց իրավական կարգավիճակի համար նախատեսված որոշակի երաշխիքների անգործությունը, օրինակ՝ պատժի կրման ռեժիմի փոփոխություն կամ վաղաժամկետ ազատում: Վերջիններիս պարագայում ստացվում է հիմնականում մերժում ՝ առանց հիմնավորման:

Կցանկանայի առանձնակի շեշտել նաեւ տեսակցությունների եւ ընտանիքի հետ կապը պահպանելու հարցը: Կին ազատազրկվածների հետ հարցազրույցներից պարզ է դարձել, որ դատապարտված կանանց մոտ իրենց ամուսինները ավելի քիչ են այցելում, քան դատապարտված տղամարդկանց մոտ այցելում են իրենց կանայք: Սա կարելի բացատրել տարբեր հանգամանքներով, մասնավորապես, ՔԿՀ-ում պատիժ կրող կանանց մեծամասնությունը ամուսնալուծված է եւ միայնակ մայր, ընդ որում, ամուսնալուծությունը տեղի է ունեցել մինչեւ դատապարտվելը:

Մինչեւ դատապարտվելը ամուսնության մեջ լինելու դեպքում արդեն՝ ամուսնալուծությունը տեղի է ունենում դատապարտվելուց հետո:

Իսկ այն ընտանիքների պարագայում, որոնք պահպանում են ամուսնական կարգավիճակը, այնուհանդերձ, ամուսինները խուսափում են տեսակցություններից, ամոթի կամ այլ պատճառներով:

Տեսակցությունների հետ կապված արձանագրվել են այլ խնդիրներ եւս: Այսպես, օրենքով հստակ տարբերակում չի տրվում դատապարտված կանանց՝ իրենց երեք տարեկանից բարձր, անչափահաս երեխաներին տեսակցելու հարցում: Վերջիններիս հետ տեսակցությունները կատարվում են ընդհանուր կարգով: Հավելյալ տեսակցությունը թողնվում է ՔԿՀ պետի հայեցողությանը: Արդյունքում, կանայք իրենց երեխաների հետ շփվել եւ կապ պահպանել չեն կարողանում, տարեկան մեկ կամ երկու անգամ տրվող երկարատեւ տեսակցությունը բավականին քիչ է 6-7 կամ ավելի բարձր տարիքի երեխայի հետ կապը պահելու համար: Սա հանգեցնում է նրան, որ կանայք  կորցնում են իրենց երեխաների հետ կապը: