Գյումրիի անօթեւաններին օգնելու համար դրամահավաք սկսած SOS թիմի անդամներին հաջողվել է բանակցել միջազգային Crowdfunder կայքի հետ ու դրամահավաքին անհրաժեշտ գումարի շեմը իջեցնել մինչեւ 27 հազար ֆունտի:
«Կայքի պայմաններն այնպիսին էին, որ պետք էր 120 հազար ֆունտ ստերլինգ հավաքվի մինչեւ նշված օրը, որ կարողանայինք հանել գումարը, հակառակ դեպքում հավաքված գումարները կվերադարձվեին փոխանցողներին: Հաջողվել է այնպես անել, որ գումարը իջեցվել է 27 հազարի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց թիմի անդամ Արեն Մկրտչյանը:
Արեն Մկրտչյանը նշեց, որ 25 հազար ֆունտ կա արդեն հավաքված:
Գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին:
Դրամահավաքին անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցույց տվել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Իսկ գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:




























