Տաքսիների գործունեության դաշտը կանոնակարգելու եւ անօրինական աշխատող տաքսիստներին օրինական դաշտ բերելու համար պետք է նախ սահմանափակել լիցենզիաների տրամադրման քանակը, ապա` լիցենզավորել ոչ թե մեքենան, այլ վարորդին: Այս մասին այսօր` մարտի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը
«Այսօր ով մեքենա ունի, կամ անգամ չունի, տաքսի է վարում, ո'չ բուժզննում է արվում, ո'չ տեխզննում, մինչդեռ հենց տաքսի ընկերության տնօրենի շահերից է բխում օրինական դաշտում աշխատելը»,- ասաց Վահագն Սահակյանը:
Նրա խոսքով` ամեն աշխատատեղ բացելու համար տաքսի ընկերության տնօրենը մինչեւ 20.000 դոլար գումար է ներդնում, ուստի հենց նրա համար է կարեւոր, որ անհրաժեշտ ստուգումներն արվեն` վթարներից հնարավորինս խուսափելու համար:
«Թե չէ եթե տաքսու վարորդը խախտում է անում, ու նրանից չեն կարողանում այդ գումարը ստանալ, տուգանքն ուղարկում են ընկերության տնօրենի անունով. ստացվում է, որ խախտում է վարորդը, բայց «դաստիարակում են» տնօրենին»,- ասաց նա:
Վագահն Սահակյանը նշեց, որ տաքսիների լիցենզավորումը ոչ թե վարորդից գումար շորթելու միջոց է, այլ ոլորտը վերահսկելու եւ ուղեւորների անվտանգությունն ապահովելու միջոց:
«Պետք է հասկանալ, որ այսօր ամենակարեւորն ուղեւորների անվտանգությունն է, իսկ անվտանգությունն ապահովում են ոչ միայն լիցենզավորված մեքենաները, այլեւ համապատասխան փորձով վարորդները»,- ասաց Վահագն Սահակյանը:
Նրա խոսքով` տաքսի ընկերությունների տնօրենները մեծ գումարներ են ծախսում լիցենզավորման կարգ ձեռք բերելու եւ օրինական դաշտում աշխատելու համար, եւ մի քանի անհատ տաքսիստների պահանջի բավարարումը` կապված լիցենզավորման կարգը վերացնելու հետ, ոչ թե կկանոնակարգի, այլ ավելի անկանոն կդարձնի դաշտը:
«Որոշ տաքսիստներ պահանջում են հանել լիցենզավորման կարգը. որքա՞ն կարելի է օրենք ընդունել, հետո հանել: Ի վերջո սա կբերի նրան, որ մարդը կսկսի չհարգել օրենքը, կասի` դե մեկ-երկու անգամ հարգեցի, օրենքով աշխատեցի, բռնեցին փոխեցին օրենքը»,- նշեց նա:




























