Դատարանը չի բավարարել բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի բողոքը ընդդեմ ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշման:
Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:
«Դատավորին փոխեցին, նոր դատավորը լսեց, ասեց` էս ա պակաս, էն ա պակաս, ժամկետ եք կորցրել, ամեն բան ուզում էր անել, որ գործին ընթացք չտար»,- նշեց նա:
Զինծառայողների ծնողները դիմել են վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը հունվարի 11-ին պետք է հրապարակեր որոշումը, սակայն նա տեղափոխվել էր այլ դատարան, գործը հանձնվել էր այլ դատավորի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Ավելի ուշ, քրեական գործը կարճվել էր:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝ իրենց հերթական բողոքի ակցիան էին անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում:
Ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:





























