«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու` Մարմարաշեն գյուղի հատվածում ավտոմեքենաների համար շրջադարձ բացելու համար ոչ մի քայլ չի արվել, թեեւ մարտի 2-ին բողոքի ակցիա անցկացրած գյուղացիներին մարզպետի տեղակալը խոսք էր տվել, որ մինչեւ մարտի 10-ը այն պատրաստ կլինի:
«Խոստացել էին, որ երկու օրվա ընթացքում շրջադարձի համար ցուցանակները կդնեն, մինչեւ 10-ն էլ շրջադարձը պատրաստ կլինի, բայց ոչինչ էլ չեն արել»,- NEWS.am-ին ասաց գյուղացիներից մեկը:
Գյուղացիներն առայժմ կսպասեն, իսկ հետագայում, չի բացառվում` դիմեն բողոքի անհնազանդ ձեւերի:
Հիշեցնենք, որ ավտոմայրուղու վրա շրջադարձի բացակայության պատճառով իրենց հողակտորներ տանող կարճ ճանապարհից զրկված գյուղացիները մարտի 2-ին սպառնում էին ճանապարհ փակել, եթե իրենց խնդիրը չլուծվի: Նրանց հետ էր հանդիպել Արարատի մարզպետի տեղակալը, խոսք տվել, որ շրջադարձ կբացվի այնքան ժամանակ, մինչեւ որ գյուղացիների պահանջած կամուրջը կառուցվի մայրուղու վրա:
Գյուղացիները բողոքում են, որ արդեն մեկ տարի է` իրենց հողակտորներ հասնելու համար կրկնակի ճանապարհ են անցնում, դրա պատճառով նրանք չեն կարողանում սկսել գյուղատնտեսական աշխատանքները:



























