Երեւանի «Մալաթիա» տոնավաճառում նորից առեւտուր չկա, իսկ աշխատակիցներից շատերը չեն կողմնորոշվում, թե ինչ անել՝ շարունակել պարտք վերցնելով տաղավարների դիմաց պահանջվող վարձավճարները վճարել, թե ավելի մատչելի տեղ գտնել եւ առեւտրով զբաղվել այդտեղ: NEWS.am-ի հետ զրույցում տոնավաճառի աշխատակիցներից տիկին Նարինեն նշեց, որ անգամ մարտի 8-ին չեն կարողացել առեւտուր անել, որն էլ վերջնականապես հիասթափեցրել է իրենց:
«Առեւտուր չկա, աշխատանք չկա, հուսահատված ենք, թե ինչ է լինելու՝ անորոշ ա: Խոսակցություններ կան, որ շուտով տոնավաճառը փակվելու ա: Մեզ համար վարձավճարների առումով «Հրազդանն» է մատչելի, բայց մենք սկզբից այստեղ ենք եղել, գնալը չենք պատկերացնում, ավելին, չգիտենք այնտեղ գնանք ինչ կլինի»,-ասաց նա:
Տիկին Նարինեի խոսքով, «Մալաթիա» տոնավաճառում հագուստն այժմ վաճառվում է իջեցված գնով, սակայն դա էլ իրավիճակը չի փրկում՝ հաճախորդ չկա. «Մեզ մոտ ավելի էժան է ապրանքը, ուղղակի ժողովրդի մեջ մտած է, որ այլ տեղերում ավելի էժան ա: «Առինջի մոլում» աշխատող ծանոթներ ունեմ, շատ գոհ են, ասում են, որ լավ առեւտուր է լինում, երեւի գնային տարբերությունն է պատճառը՝ իրենք մեծածախն ու մանրածախը մի գնով են վաճառում»,-ասաց նա:




























