«Յունիգրաֆ-Իքս» կազմակերպությունը հերքում է կենդանասերների մեղադրանքները, թե իրենք Երեւանի տարբեր թաղամասերում դաժանաբար ոչնչացնում են թափառող շներին:

NEWS.am-ի հետ զրույցում կազմակերպության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ անհիմն են նաեւ այն մեղադրանքները, թե իրենք շներին փողոցից հավաքելուց հետո բաց են թողնում առանց ամլացնելու:

«Վերամբարձ, մերկապարանոց, առանց ապացույցների խոսքեր մենք շատ ենք լսել, մեր գործը շներին ամլացնելն է, իրենցը, հավանաբար, խոսելն ու քննադատելը»,- ասաց Լիլիթ Գրիգորյանը:

Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ կենդանասերների տարածած լուսանկարները, որոնցում երեւում է, որ քնեցնելու փոխարեն կատաղած շները դաժանաբար ոչնչացվում են, կապ չունեն «Յունիգրաֆ-Իքսի» գործունեության հետ:

«Ես ինքս եմ հայտնաբերել, որ դրանցից շատերը ներբեռնված են համացանցից եւ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեն: Իրենց գործը աղմուկ բարձրացնելն է, իրենք դա լավ են անում: Ինքս ոչ մի կրակոց չեմ լսել, մեզ երբեւէ չեն դիմել թափառող կենդանիներին ոչնչացնելու ահազանգով »,- ասաց նա: