Հայաստանում տաքսիները չեն ապահովում սպառողների համար երկու ամենակարեւոր պայմանները՝ անվտանգությունն ու որակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Տաքսիներն այնքան են շատացել, որ դաշտը դարձել է ուղղակի անկառավարելի: Այնքան են հեշտացրել լիցենզավորման գործընթացը, որ ով ասես տաքսի է վարում, ես հասկանում եմ, որ սոցիալական խնդիր կա, բայց մինչեւ ո՞ւր»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով` տաքսիների լիցենզավորման կարգը լիարժեք չի գործում, ինչի հետեւանքով ոչ միայն ոտնահարվում են սպառողների շահերը, այլեւ վտանգվում է նրանց առողջությունը:
«Սկսած նրանից` որ մարդը տեսնում է`մեքենայում հաշվիչ չկա, դիսկոմֆորտ է ապրում` մտածելով` ինչքա՞ն եմ վճարելու, վերջացրած նրանով` որ վարորդները բուժզննում չեն անցնում, մեքենաները` տեխզննում, ինչը վտանգում է մարդու առողջությունը»,- նշեց նա:
Արմեն Պողոսյանի կարծիքով` տաքսիների գործունեությունը կանոնակարգելու համար անհրաժեշտ է օրինական դաշտ բերել բոլոր տաքսիստներին, խստացնել լիցենզավորման կարգը, բայցեւ արտոնյալ պայմաններ սահմանել օրական մի քանի ժամ որպես տաքսու վարորդ աշխատողների համար:
«Սոցիալական գործոնն էլ պետք չէ անտեսել, թող լիցենզիան պարտադրեն բոլորին, բայց օրական մի քանի ժամ աշխատողների համար գինն ավելի ցածր սահմանեն»,- ասաց Արմեն Պողոսյանը:




























