Մարտի 9-ին Գաֆեսճյան արվեստի սրահում տեղի ունեցավ «Իմ հոգվույս հոգի» անվանումով համերգը: Երեկոյի ընթացքում հնչեցին հայ հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ ալտի համար ստեղծագործությունները:
Համերգային ծրագիրը ներկայացնելուց առաջ մաեստրոն նշեց, որ ալտը խորհրդավոր, նույնիսկ մոգական գործիք է:
«Երբ գրում էի ալտի համար կոնցերտը, դա 1993 թվականի ձմռանն էր, հայտնաբերեցի, որ բազմաթիվ կոմպոզիտորների վերջին՝ մահից առաջ գրված ստեղծագործությունները հենց ալտի համար գործերն են եղել»,- նշեց կոմպոզիտորը: Նրա խոսքով, իր հետ նույնպես ինչ-որ տարօրինակ բան է կատարվել:
«Կոնցերտը գրելու ընթացքում երեք անգամ ինձ համար շտապօգնություն են կանչել: Բժիշկներն ուսերն էին թոթվում, ինչ-որ դեղորայք տալիս, ավելի ուշ իմացա, որ վիտամիններ էին, եւ գնում: Ոչ ոք չէր հասկանում՝ ինչ է ինձ հետ կատարվում: Իսկ ինձ թվում էր՝ ես վերջանում եմ, ցամաքում, հասկանո՞ւմ եք: Փառք Աստծո, սա ալտի համար գրված իմ առաջին ստեղծագործությունը չէր: Առաջինը գրել էի 1962 թվականին, հորս մահից անմիջապես հետո»,- պատմեց կոմպոզիտորը:
Համերգի առաջին հատվածում հնչեցին «Ode to the Lotus»-ը եւ «String Trio»-ն:
Երեկոյի երկրորդ մասում կոմպոզիտորն անձամբ կատարեց «Չորս հայրենները», որոնց հիմքում հայ անվանի բանաստեղծ Նահապետ Քուճակի ստեղծագործություններն են: Բացի այդ, հնչեց «Sonata da chiesa»-ն: Հավաքվածների համար հաճելի անակնկալ դարձավ «Night song» ստեղծագործությունը: Մանսուրյանը խոստովանեց. այն երկու օր առաջ է ավարտել:
Երեկույթի ընթացքում ելույթ ունեցան Յանա Դարյանը (ալտ), Լուսինե Հակոբյանը (դաշնամուր), Անի Կարապետյանը (ջութակ), Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո) եւ Կարեն Քոչարյանը (թավջութակ):
Հանդիսասրահում, այլ հյուրերի հետ մեկտեղ, ներկա էր նաեւ հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:




























