Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երկու զինծառայողները տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը հայտնեց, որ զինծառայողները բազմաթիվ կոտրվածքներ եւ սալջարդեր են ստացել:
«Մեկի վիճակը շատ ծանր է, մյուսինը՝ ծանր: Երկուսն էլ բազմաթիվ կոտրվածքներ են ստացել, թոքի վնասվածք ունեն»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ՝ 32-ամյա Ա., 28-ամյա Ռ. եւ 30-ամյա Ռ. Հ.-երը հոսպիտալացվել են Արարատի բժշկական կենտրոն. Ռ. Հ.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:





























