Անցած 19 տարիներին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը անկախությունն է: Յուրաքանչյուր ազգի համար չկա ավելի արժեքավոր նվաճում, քան պետության անկախությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը: “Նախորդ տարիների գլխավոր նվաճումներն են մեր անկախությունը, մեր հաղթանակը, եւ որպես անկախության եւ հաղթանակի արդյունք` մեր բանակը”,- ասել է Կարապետյանը` նշելով, որ բանակի տեսանկյունից նվաճում կարող էր համարվել Բաքվի գրավումը:

Կարապետյանի կարծիքով մնացածն արդեն բացթողումներ են. “Ժողովրդի սոցիալական վիճակը, երկրի տնտեսական դրությունը, ազատությունների բացակայությունը, ժողովուրդ, որը չի կարող պաշտպանել իր իրավունքները ոչ մի ոլորտում: Մեր ժողովուրդը վախենում է պետությունից, պետությունն իր հերթին չի սիրում իր ժողովրդին: Ստացվում է` ինչի համար պայքարել ենք` դրա դեմ ենք այժմ: Իսկ մենք պայքարել ենք հենց ազատության համար”: Կարապետյանի խոսքով, ստեղծված իրավիճակը, որը սոցիալական անարդարության հետեւանք է, թույլ չի տա երկրին զարգանալ:
Արկադի Կարապետյանը նաեւ շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ` նշելով. “Անկախության օրը մեծ տոն է, որի նշանակությունը մինչեւ վերջ գիտակցված չէ: Անկախությունը զենք է, որի օգնությամբ մենք կարող ենք ավելի լավ ապրել, սակայն չգիտակցելով դրա արժեքը` մենք չենք հասնի նշանակալից արդյունքների”: