«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ում է առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ Արեւիկ Պետրոսյանի փոխարեն: Նա, ինչպես հայտնի է, երեկ՝ սեպտեմբերի 20-ին, այդ պաշտոնից հրաժարական է տվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ մինչեւ ԱԺ հոկտեմբերի քառօրյա, խմբակցությունը թեկնածու կառաջադրի: Թե ով է լինելու Աժ փոխնախագահի նոր թեկնածուն՝ Խաչիկ Գալստյանը դժվարացավ ասել: Նա միաժամանակ հավելեց, որ այս պահին որեւէ թեկնածուի անուն չի քննարվում կուսակցությունում: Այնուամենայնիվ, որպես հավանական թեկնածուներ մի քանի անուն է շրջանառվում՝ Արամ Սաֆարյան, Վարդան Բոստանջյան, Էռնեստ Սողոմոնյան եւ Սամվել Բալասանյան: Ի դեպ, վերջինիս անունը հիշատակվում է որպես ամենահավանական թեկնածու: Ըստ լուրերի՝ նա խմբակցությունում բողոքել է, թե հոգնել է շարքային պատգամավոր լինելուց եւ մի քանի անգամ ԲՀԿ ղեկավարից «ղայդին գործ» է ուզել: Գագիկ Ծառուկյանն էլ որոշել է, որ Բալասանյանի համար ամենահարմար գործը ԱԺ փոխնախագահի պաշտոնն է եւ այդ նպատակով էլ Արեւիկ Պետրոսյանին հրահանգել է հրաժարականի դիմում գրել:  

NEWS.am-ը փորձեց այս առթիվ մեկանաբանություն ստանալ Սամվել Բալասանյանից: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին եւ  քթի տակ ինչ-որ բան ասելով անջատեց հեռախոսն ու դարձավ  «անհասանելի»:

Նշենք, որ Սամվել Բալասանյանը նախորդ խորհրդարանում ՕԵԿ խմբակցության անդամ էր: Նա հարազատ կուսակցությունը լքեց այն բանից հետո, երբ ՕԵԿ-ը 2006 թվականին կոալիցիայից դուրս գալու որոշում կայացրեց: