2014թ. օգոստոսի 28-ին պաշտպանության բանակի մարտական դիրքերում հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Վլադիմիր Հայրապետյանի ծառայակիցը նրա սպանության համար 13 տարվա ազատազրկման է դատապարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտվածի պաշտպան Սեյրան Գրիգորյանը:

Դատարանը վկաների ցուցմունքներով ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Սիմոն Մկրտչյանն ու Վլադիմիր Հայրապետյանը «ժամը հարցնելու համար» վիճել են, ու Սիմոն Մկրտչյանը կրակել է ծառայակցի վրա: Դատարանի վճռով Սիմոնը մեղավոր է ճանաչվել խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:

Սիմոնը դատարանում չի ընդունել մեղադրանքը: Նա ցուցմունք է տվել, թե դեպքի օրը` հերթապահության ժամանակ, դիտակետում կատակել է Վլադիմիր Հայրապետյանի հետ, չգիտի` ինչպես է ինքնաձիգի ապահովիչը հանել և փողը պահել Վլադիմիրի ուղղությամբ, Վլադիմիրը բռնել է փողը, քաշել դեպի իրեն, ու կրակոց է արձակվել:

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել էր 1995թ.: Նա Երեւանից էր, դեպքի օրը պետք է իջներ մարտական դիրքերից եւ 7 օրով արձակուրդ գար: Նա մոր հետ էր ապրում, ունի ավագ եղբայր: Մինչեւ բանակ զորակոչվելը սպորտով է զգաղվել՝ կարատե է պարապել, վերադառնալուց հետո էլ պատրաստվում  էր շարունակել այն: