Անկախության անցած 19 տարիների ընթացքում Հայաստանն ավելի շատ կորուստներ է արձանագրել, քան թե ձեռքբերումներ:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը դե յուրե անկախ է, ինչը շատ կաեւոր հանգամանք է վաղվա օրվա, հայ պետականության առումով, «մինչդեռ դե յուրե անկախ Հայաստանում դե ֆակտո  կորուստներ են  արձանագրվում»: Ըստ նրա՝ կորուստները համատարած բոլոր ոլորտներում են՝ տնտեսության, գիտության, կրթության, դեմոգրաֆիական: Հատկապես սոցիալ-տնտեսական ոլորտում առկա խնդիրները, ըստ Մարգարյանի, բերել են հայաթափման եւ «հաց վաստակելու համար անկախ երկրի ընտանիքի հայրը ստիպված է հեռանալ երկրից»:

Ըստ ՀԱԿ ներկայացուցչի, թեեւ պաշտոնական տվյալներով Հայաստանում մոտ 3 միլիոն հայ է ապրում, սակայն ինքը թերահավատորեն է վերաբերում ներկայացված տվյալներին ու կարծում, որ Հայաստանում նույնիսկ 1,5 միլիոն մարդ չի բնակվում: «Այսօր հայ մարդը թափառում է ամբողջ աշխարհում, ինչպես 1915-ից առաջ եւ հետո, իսկ դա սարսափելի է»,-նկատեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավարը, հավելելով, որ այսօր վտանգի տակ է դրված նաեւ երկրի անվտանգությունը, ընդ որում՝ դա արվում է պետական մակարդակով:

Ձեռքբերումների թվում Մարգարյանը նշեց Հայաստանի՝սուվերեն երկիր լինելը,  աշխարհի հետ որպես ինքնուրույն պետություն հարաբերվելը: «Իսկ ամենաակնառու   ձեռքբերումը Արցախի ազատագրումն է, որը մեծ զոհողությունների ու թանկ գնով է ձեռք բերվել»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այդ ձեռքբերումն էլ այսօր վտանգված է, քանի որ հայտնվել է միջազգային հանրության խաղասեղանին: