2014թ. մարտական հերթապահության ժամանակ ծառայակցի կողմից սպանված Վլադիմիր Հայրապետյանի հարազատները պահանջում են խստացնել Վլադիմիրին  սպանած Սիմոն Մկրտչյանի պատիժը, որն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:

Այս պահանջով Վլադիմիր Հայրապետյանի հարազատները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան`  պահանջելով վերացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Սիմոնի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ :

NEWS.am-ի հետ զրույցում մահացած Վլադիմիր Հայրապետյանի մայրը` Թամարա Դանիելյանը, նշեց, որ իր որդուն սպանելուց առաջ Սիմոնը ծեծել է նրան, այնուհետեւ կրակել ճակատին:

«Մեզ ասել էին, որ տղաս ինքնասպան է եղել, մենք չէինք հավատում, քանի որ նա ընդունակ չէր նման քայլի: Երբ որ տեսան մենք չենք համակերպվում այդ մտքի հետ ասացին, որ պատահական դեպք ա եղել, խաղացել ա ու ինքն իրեն ա կրակել: Նախաքննությունը պարզեց, որ տղայիս էդ Սիմոնը կանխամտածված սպանել է, դիտավորյալ ճակատին է պահել հրացանն ու կրակել:  Պատճառը մինչեւ հիմա չգիտենք, բայց որ երեխաս լավ ծեծված է եղել, հետո էլ սպանել են, էդ հաստատ ա: Իրենք ասում են, որ պատահական Սիմոնը զենքը վրան ա պահել ու խփել ա: Էդպես չի, նա ծեծել է երեխուս, հետո էլ սպանել: Ու իրան տվել են մինիմալը, էդ Սիմոնն ուզեցել է ինքնահաստատվի, հրացանը երեխուս ճակատին է դեմ տվել, ասել ա չես հավատում, որ կխփեմ, երեխես էլ ասել ա քեզնից ամեն ինչ սպասելի ա: Եթե երեխես էդ արտահայատությունն արել ա, ուրեմն դրանից առաջ էլ ա մի բան արած եղել»,-ասաց մահացած զինվորի մայրը:

Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  որոշմամբ ծառայակցին սպանած Սիմոն Մկրտչյանը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության` Սիմոն Մկրտչյանը լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային պարտականությունները կատարելու ժամանակ, «ինքնահաստատվելու» եւ խուլիգանական դրդումներներից ելնելով եւ գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետեւանքով արձակված կրակոցով շարքային Վլադիմիր Հայրապետյանին սպանելու անխուսափելիությունը, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ  շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել Վլադիմիր Հայրապետյանի ճակատին: Նա, դրսեւորելով ցինիզմ, հայտարարել է ,թե արդյոք կասկածում է ,որ ինքը կկրակի,որին Վլադիմիր Հայրապետյանը պատասխանել է, որ նրանից ամեն ինչ սպասելի է: Սիմոնը Վլադիմիրի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել եւ նրան զրկել կյանքից: