Մոլդովայի խորհրդարանը, որը երկու անգամ էլ չկարողացավ նախագահ ընտրել, պետք է ցրվի։ Սեպտեմբերի 21-ին նման որոշում է կայացրել երկրի Սահմանադրական դատարանը։ Ըստ վճռի՝ Մոլդովայի ժամանակավոր նախագահ Միխայիլ Գիմպուն պարտավոր է խորհրդարանը ցրելու մասին հրամանագիր ստորագել եւ հայտարարել արտահերթ ընտրությունների անցկացման ամսաթիվը։
Այդ խնդրի առնչությամբ հարցումը ՍԴ է ուղարկել Գիմպուն այն բանից հետո, երբ նախագահին համաժողովրդական ընտրությունների միջոցով ընտրելու համար սեպտեմբերի 5-ին անցկացրած հանրաքվեն ձախողվել է ընտրողների քիչ մասնակցության պատճառով։
Ավելի վաղ Գիմպուն հայտարարել էր, որ դատարանի վերջնական որոշում կայացնելուց հետո մտադիր է արտահերթ ընտրություններ նշանակել նոյեմբերի 28-ին։
Նշենք, որ Մոլդովայում քաղաքական իրավիճակը չի հաջողվում կայունացնել անցած տարվա գարնանից սկսած։ Այդ ժամանակվանից ի վեր, խորհրդարանը չի կարողանում նախագահ ընտրել։ Ճգնաժամից դուրս գալու համար իշխանությունները նախաձեռնել էին հանրաքվե` նախագահին համաժողովրդական ընտրությունների միջոցով ընտրելու համար, սակայն այն ձախողվել է։ Աշնանը սպասվում են նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։




























