Յուլիա Տիմոշենկոյի խմբակցությունը («ԲՅՈՒՏ»),  իրավունք չունի իր անունը փոխել եւ դարձնել «ԲՅՈՒՏ-Բատկիվշինա»: Այս մասին սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, հայտարարելով, որ խմբակցությունը վերադառնում է իր հին անվանը: Լիտվինը դա հիմնավորել է կանոնակարգի պահանջով, համաձայն որի՝ խմբակցությունը պետք է իր գործունեության ողջ ընթացքում պահպանի այն անվանումը, որի ներքո մասնակցել է խորհրդարանական ընտրություններին:

«Ինչպես նշված է կանոնակարգային կոմիտեի նամակում, հայտարարված անունը իրավական ուժ չունի»,-ասել է Լիվտինը: Այնուհետ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է ԲՅՈՒՏ խմբակցությունից 28 պատգամավորի հեռացման մասին: Համապատասխան որոշումը խմբակցությունն ընդունել է սեպտեմբերի 20-ին: Խմբակցության պատգամավոր Սերգեյ Սոբոլեւը ուկրաինական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է, որ խմբակցությունն իր կազմից հեռացրել է այն պատգամավորներին, ովքեր կոալիցիա են մտել կամ համագործակցում են կոալիցիայի հետ: