Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, հայկական եռագույնը բարձրացվել է նաեւ հեռավոր չինական Շանհայ քաղաքում, որտեղ արդեն հինգ ամիս գործող «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում հայտարարված էր Հայաստանի Ազգային օր։
Տոնական հանդիսությունները սկսվել է վաղ առավոտյան, երբ Շանհայի ցուցահանդեսային կենտրոն է այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որին մուտքի մոտ դիմավորել է «Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յին։ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո վեր է խոյացել հայկական եռագույնը եւ տրվել Հայաստանի Ազգային օրվա մեկնարկը։ Պաշտոնական ընդունելությունների սրահում ՀՀ վարչապետի ու Լիյ Թիայ Յինի զրույցից հետո Տիգրան Սարգսյանը գրառում է կատարել պաշտոնական հյուրերի հուշամատյանում:
«Ազգային աուդիտ» գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ցուցահանդեսին գերազանց մասնակցության համար եւ նշել. «Հայաստանում ապրում է հնագույն եւ իմաստուն մի ժողովուրդ, ծաղկում է յուրահատուկ հայկական մշակույթը։ Այդ երկիրն աշխարհին տվել է համաշխարհային հեղունակության բազմաթիվ անուններ, իր ուրույն ավանդն է բերել համընդհանուր մշակույթի զարգացմանը` այս անգամ «Շանհայ Էքսպո»-ում ներկայացնելով «Աշխարհի քաղաք» իր ուրույն նախագիծը»:
Լիյ Թիայ Յին հույս է հայտնել, որ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունն ու ՀՀ վարչապատի այցը նոր ազդակ կհանդիսանան եւ կամրապնդեն հայ-չինական համագործակցության կամուրջը, նոր Էջ կբացեն երկկողմ բարեկամական հարաբերություններում։





























