Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակը լուրջ ուշադրություն է պահանջում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներքին տեղահանվածների իրավունքների պաշտպանության գծով հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինի կողմից արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, որը տարածվել է սեպտեմբերի 20-ին, մասնավորապես ասված է, որ չնայած այն հանգամանքին, որ մի շարք տեղահանվածներ հաջող կերպով ինտեգրվել են Հայաստանին, սակայն, այնուամենայնիվ, մարդկանց մեծ մասը վերաբնակեցումից 20 տարի անց, ինչպես եւ նախկինում, ապրում է ծանր պայմաններում: Պետք է հնարավոր ամեն բան անել՝ այդ մարդկանց կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Պետք է համատեղ գործեն, մի կողմից Հայաստանի կառավարությունը, մյուս կողմից՝ միջազգային հանրությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչն իր հայաստանյան այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի պետական պաշտոնյաների հետ, որոնց թվում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Դպրավանք այցելության ընթացքում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպել է ներքին տեղահանվածներից արծվաշենցիների հետ: Կալինը նշել է, որ վերաբնակեցվածները բախվում են տնտեսական եւ սոցիալական իրավունքին առնչվող լուրջ խնդիրների, ինչը կապված է մասնավորապես նորմալ կացարանների բացակայության եւ տնտեսական միջոցների սղության հետ:
Նշենք, որ Կալինի մանդատը Հայաստանում շուտով ավարտվում է: Այս այցը նրա վերջին պաշտոնական այցն է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներքին տեղահանվածների իրավունքների պաշտպանության գծով հատուկ ներկայացուցչի կարգավիճակում:




























