Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասի համոզմամբ, Ղարաբաղում հրադարարը պահպանելու լավագույն տարբերակը շփման գծում Եվրամիության կողմից խաղաղ դիտորդական առաքելության տեղակայումն է, ինչպես նաեւ տեղում ժողովրդավարական կառույցների ամրապնդումը։

Դա է վկայում «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով անցկացված սոցիոլոգիական հարցումը` Եվրախորհրդարանի շուրջ 100 պատգամավորների շրջանում:

«Ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի Արեւելյան Եվրոպայում առկա այս սառեցված հակամարտությունը չբորբոքվի` 2008 թվականի վրաստանյան պատերազմի նման», - հարցրել են մասնագետները եվրոպացի պատգամավորներին ու առաջարկել հնարավոր քայլերի 5 տարբերակ։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, պատգամավորների շուրջ 47 տոկոսը ընտրել են 2-ը.  «Ամենանախընտրելի տարբերակը, պատգամավորների կարծիքով, տարածաշրջան Եվրամիության մշտական ոչ ռազմական դիտորդական առաքելություն ուղարկելն է ` հրադադարի ռեժիմը ամրապնդելու համար, եւ, միեւնույն ժամանակ, նպաստել ժողովրդավարական կառույցների եւ ինստիտուտների կայացմանը նույն տարածաշրջանում, ասել է թե` Լեռնային Ղարաբաղում»:

Եվրոպացի պատգամավորների նախընտրած երրորդ լուծումը կողմերի միջեւ կնքված հրադադարի պայմանագրի ամրապնդումն է` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու եւ տեղում միջազգային դիտորդներ տեղակայելու միջոցով: Այս տարբերակին կողմ է արտահայտվել եվրախորհրդարանականների շուրջ 39 տոկոսը։

Եթե խաղաղ դիտորդների տեղակայումը արժանացել է պատգամավորների մեծ մասի հավանությանը, ապա ռազմական ուժերի տեղակայումը պաշտպանել է ընդամենը 20 տոկոսը։ Ընդ որում, այս առաջարկին դեմ են արտահայտվել հատկապես Արեւմտյան Եվրոպայի ներկայացուցիչները, քանի որ այդ երկրները, ըստ փորձագետների, արդեն իսկ լայնորեն ներգրավված են Մերձավոր Արեւելքում իրականացվող խաղաղարար ծրագրերում եւ աշխատում են եւս մեկով չավելացնել իրենց պարտավորությունների թիվը։

Հրադադարի ամրապնդմանը նպաստելու ամենաանհավանական տարբերակը պատգամավորները համարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության դադարեցումը եւ դրա փոխարեն մեկ այլ ձեւաչափի հաստատումը եւ միայն 17 տոկոսն է նախընտրում կասեցնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկա ֆորմատով ընթացող բանակցությունները եւ դա փոխարինել Եվրամիության ինչ-որ ֆորմատով: