Ազգային Ժողովի 8-րդ նստաշրջանի նիստերի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնություններից մեկը մյուսներից տարբերվում է նրանով, որ որպես նախագծի համահեղինակներ հանդես են գալիս միաժամանակ ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետական» խմբակցությունների ներկայացուցիչները (դաշնակցականներ՝ Արա Նռանյան եւ Ռուզաննա Առաքելյան, հանրապետական Սամվել Նիկոյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վարդան Բոստանջյան եւ Գոհարիկ Ենոքյան): Սա ԱԺ աշնանային նստաշրջանում միակ նմանատիպ նախագիծն է, երբ ընդդիմության եւ կոալիցիայի ներկայացուցիչները համատեղ նախագիծ են ներկայացնում։ Գուցե այս նախագիծը մշակվել է դեռ այն ժամանակներում, երբ կոալիցիան հենց այս տեսքն ուներ՝ առանց «Օրինաց Երկրի», բայց Դաշնակցության հետ։

Պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել քրեական եւ վարչական օրենսգրքերում՝ խստացնելով ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվելու դեպքում նախատեսված պատիժները։ Առաջին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն) պատգամավորներն առաջարկում են մեծացնել դրամական տուգանքների չափերը (թողնելով նաեւ ազատազրկման հնարավորությունը): Կեղծ խմիչքների պատրաստմամբ զբաղվողների համար օրինագծի հեղինակները առաջարկում են դրամական տուգանքները փոխարինել բացառապես ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով։