Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու «Միասին» երիտասարդական համահայաստանյան շարժման, որը այնտեղ հանուն բարեփոխումների և երկրի արդիականացման ծրագրով կրթական ֆորում-ճամբար էր կազմակերպել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆորումի նպատակն է համախմբել կազմակերպված և բանիմաց հայ երիտասարդներին` նրանց ներուժը նպատակաուղղելով պետության կայուն զարգացմանը:

Երիտասարդների հետ վարչապետը խոսել է Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, մեր երկրի վրա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության, գիտելիքահենք տնտեսության կարևորության, ինչպես նաև երիտասարդության հիմնախնդիրների մասին:

Այնուհետև «Միասին» համահայկական ֆորումի կազմակերպիչները ՀՀ վարչապետին են ներկայացրել ճամբարային առօրյան:

Հիշեցնենք, որ «Միասին»-ը հենց այն շարժումն է, որը ամիսներ առաջ Երեւանում շենքերի պատերին «կաշառակեր դասախոս» վերտառությամբ նկարներ էր փակցրել, սակայն այդպես էլ ոչ մի դասախոս չհամարձակվեց դատի տալ իրենց անվանարկող երիտասարդներին:

Դրանից հետո, Տ. Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը: Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման և բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն: Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար: Այնուհետև գործադիրի ղեկավարը այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաև եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում և ծանոթանացել է շինարարական աշխատանքների ընթացքին: