Ամառային սեզոնի սկսվելուն պես Բաքվի բնակարաններին մշտական ջրամատակարարումը մայրաքաղաքի բնակիչների համար բացառիկ երեւույթ է դարձել, հաղորդում է «Զերկալո» ադրբեջանական թերթը։ Օրվա ընթացքում մի քանի ժամ առավոտյան եւ մի քանի ժամ երեկոյան, սա է ջրամատակարարման ստանդարտը, որի վրա կարող է հույս դնել Ադրբեջանի մայրաքաղաքի միջին վիճակագրական բնակիչը։

Սակայն, եթե ջրի պակասությունը Բաքվում կրում է սեզոնային բնույթ, ապա ջրի որակի խնդիրը այստեղ տարվա եղանակներից կախված չէ, այն միշտ հրատապ է։

Այն դեպքում, երբ Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում ջուր կարելի է խմել նույնիսկ ծորակից՝ չանհանգստանալով առողջության մասին, ապա Ադրբեջանում ծորակից ջուր խմել կարող են կամ ամենահամարձակ մարդիկ, կամ էլ՝ անտեղյակները՝ հաճախ ծորակից հոսում է գորշ, ինչպես նաեւ ամբողջովին սեւ ջուր։ Սպառողները հիմնականում օգտագործելուց առաջ աշխատում են ջուրը եռացնել, կամ դիմում են այլ միջոցների, եւ նույնիսկ դրանից հետո բաժակի հատակին կարելի է տեսնել ավազի հատիկներ, նստվածք։

Դրա պատճառը Քուռ գետի չափազանց աղտոտվածությունն է, որը մայրաքաղաքի ջրամատակարարման գլխավոր աղբյուրն է։

Երկրի Էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարության տվյալներով, գրանցվել է Քուռ գետի սահմանային հատվածի ջրում կենսածին նյութերի առկայության սահմանային թույլատրելի չափաքանակի զգալի գերազանցում։