Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով լուրջ բացթողում է այն, որ մեղադրյալները չեն ենթարկվել դատահոգեբանական փորձաքննության: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս նշել է այդ գործով հոգեբանաձեռագրաբանական փորձաքննության եզրակացություն տված փորձագետ Էլդա Գրինը:
«Կենդանի մարդկանց դատահոգեբանական փորձաքննության չեն ներկայացրել, դա լուրջ վրիպում է»,- ասել է նա՝ հավելելով, որ դա ցույց կտար մեղադրյալների հոգեբանական առանձնահատկությունները: Նրա խոսքով՝ պատահում է անգամ, որ մեղադրյալները հոգեբանին ասում են բաներ, որ չեն ասել քննիչին, պատմում են ճշմարտությունը:
Փորձագետի այս դիտարկման հետ համաձայն են նաեւ մեղադրյալ կուրսանտների պաշտպանները, որոնք նշեցին, որ նման փորձաքննության միջնորդություն են ներկայացրել քննչական մարմնին, սակայն այն մերժվել է:
Պատասխանելով Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանի հարցին՝ ինչու ստի դետեկտոր չի օգտագործվել, հոգեբան-փորձագետը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
«Պատահել է, որ մարդու իր անունն են հարցրել, ինքն ասել է իր անունը ճիշտ ու դա որպես սխալ է ընդունվել»,- ասաց հոգեբան-փորձագետը:
Նշենք, որ Վաչե Սահակյանի հարազատները բազմիցս բողոքել են, որ իրենք պահանջում են ստի դետեկտոր կիրառել, սակայն քննչական մարմինը հրաժարվում է: Նրանք կարծում են՝ այդ կերպ կարող են ապացուցել իրենց որդու անմեղությունը:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:





























