Սեպտեմբերի 21-ին սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Նյու-Յորք: ՄԱԿ-ի կենտրոնակայանում նա մասնակցել եւ ելույթ է ունեցել 2000 թ. ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիրված գագաթաժողովին, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանում այդ ուղղությամբ կատարած եւ ձեռնարկվելիք քայլերին ու արձանագրված առաջընթացին:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադառնալով Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին, Է. Նալբանդյանն ասել է. «Սպառազինությունների տարածումը շարունակում է վտանգ ներկայացնել ոչ միայն խաղաղության եւ անվտանգության, այլ նաեւ տնտեսական եւ սոցիալական զարգացման համար: Դժբախտաբար, մեր տարածաշրջանում էլ կան այդպիսի վտանգներ:

Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ համաձայնության գալու առաջարկը: Սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: Այսօր մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, նրա ռազմական բյուջեի բազմապատկմանը, պատերազմական հռետորաբանությանը եւ սադրանքներին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը:

Մինչ մենք խոսում ենք Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման գործում արձանագրված առաջընթացից եւ կիսում մեր մտահոգությունները դեռեւս չիրականացված նպատակների շուրջ , կան ժողովուրդներ, որոնք միջազգային հանրության ուշադրությունից դուրս են մնացել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Եվ նա դա անում է առանց միջազգային հանրության աջակցության: Լեռնային Ղարաբաղը շարունակում է ակնկալել համապատասխան օժանդակության ծրագրեր: Քանի դեռ անգործության արդյունքում չի հաջողվում վերացնել անմեղ մարդկանց պատճառած վնասները, մենք չենք կարող արձանագրել, որ Հազարամյակի Զարգացման բոլոր նպատակները իրականացվել են եւ համաշխարհային մակարդակով ապահովվել է հավասարություն եւ արդարություն»:

Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի ղեկավարության, ինչպես նաեւ տարբերի երկրների իր գործընկերների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նաստաշրջանում: Սեպտեմբերի 26-ին նա կմեկնի Բոստոն, ուր հանդիպում կունենա  հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հաջորդ օրը նախատեսված է Է. Նալբանդյնաի ելույթը Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: