ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Մեթյու Բրայզայի`Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածությանը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Հանձնաժողովում հաստատվելուց հետո, Բրայզայի թեկնածությունը պետք է քննարկման դրվի արդեն Սենատի լիագումար նիստում:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բաղկացած է 19 հոգուց, որոնցից Բրայզայի թեկնածությանը դեմ են քվեարկել միայն սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսը:
Իր խոսքում Մեթյու Բրայզան խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին կրկնել է Հելսինկյան եզրափակիչ Ակտի սկզբունքները. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Նա նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս, օգտագործել է «Արցախ» հայերեն անվանումը:
Նախքան քվեարկությունը սենատոր Բոքսերը ձայն է խնդրել Ջոն Քերրիից եւ հայտարարել, որ թեեւ Բրայզան լավ դիվանագետ է, սակայն ԼՂ հարցում նրա դիրքորոշումը արդար չէ: Ի դեպ, հենց Բոքսերն էր, ով հուլիս ամսին հետաձգեց Բրայզայի թեկնածության հաստատումը:
Ռ. Մենենդեսն իր հերթին, ամերիկացի նախկին համանախագահին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով չճանաչելու, Ջուղայում հայկական գերեզմանները ադրբեջանցիների կողմից ավերվելու հարցում անտարբերություն ցուցաբերելու, ադրբեջանցիների կողմից սահմանային խախտումները չդատապարտելու համար: Նա նշել է նաեւ, որ դեմ է քվեարկելու Բրայզայի թեկնածությանը, նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների հետ Բրայզայի սերտ կապերի պատճառով:




























