Հայաստանի անկախացման գործում իր զգալի լուման է ունեցել նաեւ խորհրդային տարիներին ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցությունը. Այդ գործում իրենց լուման են ունեցել քաղաքական այլ ուժեր եւս, այդ թվում՝ կոմունիստները։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։ Նրա խոսքով, հայ ժողովուրդն անհրաժեշտ պահին արագ հասկացավ միասնական դառնալու եւ անկախություն հռչակելու անհրաժեշտությունը: «Միասնականության շնորհիվ էլ 91-ի հանրաքվեի միջոցով հռչակվեց Հայաստանի Հանրապետության անկախությունը» ,-ասաց նա։

Անդրադառնալով օրերս Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ Զոհրաբյանը հիշեցրեց, որ ՀՀ առաջին նախագահն իր խոսքում ասել էր, թե անկախությունն իր համար ամենամեծ արժեքն է։ «Այս առումով ես համաձայն եմ նրա հետ, որքան էլ մեր քաղաքական հայացքները տարբեր լինեն։ Երեկ Անկախության տոնն ընդիմությունն առանձին նշեց, իշխանությունն՝ առանձին։ Բայց անկախությունը պետք էր նշել միասին։ Անկախությունը մեր քաղաքական հավատամքն է, եւ դրան պետք է հավատալ՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Երեկ Հանրապետության հրապարակում մենք կարող էինք միասնաբար նշել Հայաստանի անկախության 19-ամյակը՝ գոնե աշխարհին մեր միասնականությունը ցույց տալու համար, իսկ հետո վերադառնալ մեր քաղաքական խնդիրներին»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։ Նա միասնականության պակասը որակեց իբրեւ անկախության տարիների ամենամեծ կորուստ, որը միայն վնասում է մեզ. «Մենք ապրում ենք վտանգավոր մի տարածաշրջանում, եւ եթե չունենանք միասնական ընդդիմություն եւ իշխանություն, միասնական չի լինի նաեւ ժողովուրդը»։

Ամփոփելով՝ Ռազմիկ Զոհրաբյանը նկատեց, որ համագործակցության եւ միասնական դառնալուն միտված քայլեր պետք է անեն ինչպես ընդիմությունը, այնպես էլ իշխանությունը։