Նոր Նորքի Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտոթարի հետեւանքով «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 30-ամյա Արտյոմ Հայրապետյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը: Նա նշեց, որ Արտյոմ Հայրապետյանը գանգուղեղային վնասվածք է ստացել եւ բժիշկներն այժմ պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Հիվանդանոց տեղափոխված մյուս ուղեւորը՝ 24-ամյա Սարգիս Անտոնյանը, վնասվածքաբանության բաժնում է եւ սրունքոսկրի վնասվածք է ստացել: Հիվանդանոց տեղափոխված մյուս ուղեւորները՝ Մհեր Բաղրամյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Ժաննա Հովհաննեսի Կոչկարյանը, Էլմիրա Աշոտի Վարդանյանը, Անահիտ Նորիկի Մաթեւոսյանը եւ Անդրանիկ Միշայի Գրիգորյանը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Պատահարի հետեւանքով ուղեւորներից մեկը (ավտոմեքենան պարզված չէ), 30-ամյա Նարեկ Դավթյանը տեղում մահացել է: Նրա դիակը տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 22.42-ին Երեւանի Գայի պողոտայի եւ Բաղյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ավտոպատահար:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, իրար են բախվել Suzuki մակնիշի 15 ՍՏ 520, «Մերսեդես» մակնիշի Տ2958 պետհամարանիշների ավտոմեքենաները եւ «ԳԱԶել» մակնիշի Տ 3780 պետհամարանիշի թիվ 15 երթուղային միկրոավտոբուսը:
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 55-ամյա Մհեր Բաղրամյանը, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդ, 48-ամյա Անդրանիկ Գրիգորյանը եւ ուղեւորներ` 18-ամյա Ժաննա Կոչկարյանը, 24-ամյա Սարգիս Անտոնյանը, 30-ամյա Արտյոմ Հայրապետյանը, 36-ամյա Արմեն Պետրոսյանը, 23-ամյա Էլմիրա Վարդանյանը եւ 25-ամյա Անահիտ Մաթեւոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Լուսանկարը ` Գագիկ Շամշյանի




























