Եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը գալիք ընտրություններում հաղթի, կրկին կաշխատի քաղաքական կոալիցիա կազմել։ Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում արեց ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։
Նրա խոսքով, թեպետ դեռեւս նախագծված չէ, թե ինչպես կմասնակցեն իրենք գալիք ընտրություններին, սակայն Հանրապետականը միշտ միտված է քաղաքականության մեջ հավասարակշռություն պահելուն։ «Անցած ընտրությունների ժամանակ մենք կրկին հաղթեցինք, սակայն կոալիցիա առաջարկեցինք ՀՅԴ-ին եւ «Օրինաց երկրին»։ Կարծում եմ՝ դա ճիշտ մոտեցում է։ Եթե մենք հաղթում ենք, չի նշանակում, որ ամեն ինչ մերն է։ Թող մասնակցեն նաեւ մյուսները։ Մենք խնդիր ունենք քաղաքական ուժերի աճի, եւ այնպես չէ, որ ուզում ենք՝ միայն Հանրապետականն ուժեղանա։ Պետք է թույլ տալ ուժեղանալ նաեւ այլ կուսակցություների, որովհետեւ պետք է մի ուժեղ կուսակցություն, որն անհրաժեշտության դեպքում կարողանա լիդեր լինել, փոխարինել մեզ»,- նշեց Զոհրաբյանը:
Անդրադառնալով հնաբնակ եւ նորեկ հանրապետականների շուրջ ծավալված խոսակցություններին՝ ՀՀԿ փոխնախագահը հավաստեց, որ ինքն անձամբ դեմ չէ, որ կուսակցությունը երիտասարդանա։ «Հին հանրապետականները այլ ցուցակներ չեն փնտրում։ ՀՀԿ խորհուդն ում որ կառաջարկի լինել ցուցակում` կլինի, ում չի առաջարկի՝ չի լինի։ Նրանք չեն նեղանա։ Ես, օրինակ, արդեն 61 տարեկան եմ, եւ եթե Ազգայի ժողով գան ավելի ակտիվ եւ երիտասարդ տղաներ, դեմ չեմ լինի։ Գտնում եմ, որ կուսակցությունում ինձանից ավելի ակտիվ մարդիկ կան, ովքեր ավելի լավ են զբաղվում օրենքներով, ես՝ ավելի քիչ։ Ի վերջո այդ գործը սիրել էլ է պետք եւ հասկանալ»,- նկատեց Զոհրաբյանը՝ միաժամանակ հավաստելով, որ իրենց կուսակցությունում երիտասարդացման միտում է նկատվում։ «Կարծում եմ՝ առաջիկայում երիտասարդներն ավելի շատ կլինեն, քան նախորդ տարիներին։ Մոտեցում կա ավելի արդյունավետ կազմակերպել ԱԺ աշխատանքները։ Մենք չենք նեղացնի որեւէ հանրապետականի՝ նրանց համար կուսակցական այլ աշխատանք առաջարկելով»,- ամփոփեց ՀՀԿ փոխնախագահը:
Նշենք, որ ըստ վերջերս շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ի ներսում կուսակցության ցուցակում առաջադրվելու հետ կապված տարաձայնություներ են ծագել հին եւ նոր հանրապետականների միջեւ:




























