Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ավարտել է հովվապետական այցը ԱՄՆ-ի Հայոց Արեւմտյան թեմ եւ վերադարձել Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ին ուղեկցել են Կոտայքի եւ Գղեարքունիքի թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը, «Էջմիածին» պաշտոնական ամսագրի փոխխմբագիրը:

Մինչ այցի մեկնարկը` սեպտեմբերի 9-ին, Բոստոնում, Գարեգին Բ-ի գլխավորությամբ, կատարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողի` «Հայ ժառանգության զբոսայգու» հիմնօրհնեքը, որին մասնակցել են Մասաչուսեթսի նահանգային  եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները` գլխավորությամբ Մասաչուսեթսի նահանգապետ Դըվալ Պատրիկի: Նույն օրը Գարեգին Բ-ն մեկնել է ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմ, Լոս Անջելես` հանդիսապետելու Բըրբենքում Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությանը:

Սեպտեմբեր 11-ին կատարվել է Սրբոց Ղեւոնդյանց Մայր եկեղեցու օծումը:  Օծվել է  նաեւ հատուկ խաչքար-հուշակոթողը` ի հիշատակ 2001թ. սեպտեմբեր 11-ին ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի անմեղ զոհերի: Արարողությանը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան:

Սեպտեմբեր 12-ին, Խաչվերացի տոնին, նոր օծված Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, որի ընթացքում Գարեգին Բ-ն օրհնել է թեմի բարեպաշտ ժողովրդին: Երեկոյան տրվել է պաշտոնական ճաշկերույթ:

Այցի ընթացքում, Ամենայն հայող կաթողիկոսը տարբեր հանդիպումներ է ունեցել թեմական խորհրդի, թեմի եկեղեցականների, թեմական կառույցների ներկայացուցիչների հետ: