Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին Երեւանի պետական կոնսերվատորիայում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասընթաց Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի սաների համար:
Միացյալ Թագավորությունում լավագույնի ճանաչումն ունեցող Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում հանդես է գալիս երկու բացառիկ համերգով «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում: Նվագախումբը հայտնի է ոչ միայն բարձրակարգ կատարումներով, այլեւ կրթական ծրագրով, որը հայտնի է «Նվագախմբի անդրադարձներ» անվամբ: Տարբեր երկրներում երաժիշտները հանդիպում են ծնողազուրկ եւ անօթեւան երեխաների հետ, անցկացնում դասընթացներ` նրանց համար բացահայտելով երաժշտությունը` որպես զորեղ եւ ոգեւորիչ գործիք հաջողության ճանապարհին:
Հայաստանում Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները կնվագեն եւ մասնագիտական գաղտնիքներ կբացահայտեն Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի շնորհալի սաների համար: Այս դպրոցում սովորում են ծնողազուրկ եւ անօթեւան երեխաներ: Բրիտանական խորհրդի աջակցությամբ համերգից առաջ երաժիշտները կհանդիպեն դպրոցի փողային նվագախմբի փոքրիկ երաժիշտների հետ եւ նրանց համար կանցկացնեն վարպետության դասընթաց:
Երեւանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցն իր տեսակի մեջ միակն է կովկասյան տարածաշրջանում: Այստեղ երեխաները ստանում են հանրակրթական եւ երաժշտական դպրոցների ծրագրերին համապատասխան լիարժեք կրթություն:
Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1946 թվականին եւ այդ ժամանակվանից ի վեր հանդիսատեսին է ներկայացել միայն լավագույն համերգասրահներում եւ հարուստ երաժշտացանկով: Միայն վերջին հինգ տարվա ընթացքում նվագախումբը համերգներով շրջել է աշխարհի ավելի քան 30 երկրներում:





























