Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR)  հայաստանյան գրասենյակը սեպտեմբերի 17-19-ը «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» դասընթաց է կազմակերպել։ Եռօրյա դասընթացի մասնակիցները ծանոթացել են համացանցում տեղեկություն տարածելու գործիքներին՝ բլոգ վարելու կանոններին եւ սոցիալական ցանցերի միջոցով տեղեկատվությունը արդյունավետ տարածելուն:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ղազարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դասընթացից հետո հայկական բլոգոսֆերայում ավելացնել են ազգային փոքրամասնությունների մասին պատմող 8 բլոգ, այդ  թվում՝ ռուսական, բելառուսական, ասորական ու եզդիական համայնքների համար։

«Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները բավականին ակտիվ եւ շատ հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորություններով, հատկապես՝ բլոգներով, քանի որ դրանց միջոցով կարողանում են լուսաբանել իրենց համայնքների խնդիրները»,-ասաց Զ. Ղազարյանը:

Նշենք, որ IWPR-ի հայաստանյան գրասենյակը «Քաղաքացիական լրագրություն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար» դասընթացն այս տարի երկրորդ անգամ է կազմակերպում: Առաջին դասընթացից հետո ազգային փոքրամասնությունների մասին պատմող եւս 4 բլոգ էր ստեղծվել՝ լեհական, եզդիական, հունական եւ ուկրաինական: