«i-Buy» նվիրատվությունների քարոզարշավը, որն իրականացվում է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում, կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«i-Buy» նվիրատվությունների արշավն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից` BMI եւ Tufenkian ընկերությունների աջակցությամբ:

Աշխարհի հայերին եւ արտասահմանցիներին «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ներգրավելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախաձեռնել է աննախադեպ քարոզարշավ: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը ծրագրի մասին եւ հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին միանալ եւ փրկել Տաթեւի վանական համալիրը, զարգացնել համայնքային գործարարությունը եւ տնտեսությունը, ինչպես նաեւ զբոսաշրջությունը հարավային ուղղությամբ:

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ցանկացողներին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի 10 դոլար արժողությամբ տոմս գնել, որը կարող է նաեւ հնարավորություն ընձեռել շահել 5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ նվեր: Որքան շատ տոմսեր գնեն արշավի մասնակիցները, այդքան մեծ կլինի նրանց հնարավորությունը հաղթելու ուղեւորություն դեպի Հայաստան: Հայաստանցի մասնակիցների հաղթելու դեպքում հնարավորություն կտրվի իրենց ցանկությամբ հրավիրել երկու անձ արտասահմանից:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը  մեկնարկել է 2009 թվականին: Այն կազմված է հետեւյալ բաղադրիչներից. համալիրի վերականգնում, վանական եւ գիտական ավանդույթների վերածնունդ, զբոսաշրջային արդյունքի մշակում եւ ներդրում Որոտան գետի կիրճում ու հարեւան համայնքներում եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում` ներառյալ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու կառուցումը: