Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի ու Նիդեռլանդների ԱԳՆ Արեւելյան գործընկերության եւ Արեւելյան հարեւանության հարցերով հատուկ ներկայացուցիչ Օնո Հատինգա Վան Սենի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր` ԵՄ հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ծրագիրը: Ն. Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ստեղծվել է Հայաստան-ԵՄ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցային գործընթացն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով:
Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական եւ ԼՂ խնդիրներին: Զոհրաբյանը կրկին անգամ շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Նա նշել է, որ ցանկացած պահի, երբ Թուրքիայում կլինի Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու պատրաստ քաղաքական էլիտա, Հայաստանի խորհրդարանը պատրաստ կլինի սկսել արձանագրությունների վավերացման գործընթացը:
Հղում անելով Կոսովոյի անկախության հռչակման հարցում Հաագայի արդարադատության դատարանի որոշմանը առ այն, որ ինքնորոշման միակողմանի հռչակումը որեւէ կերպ չի հակասում միջազգային որեւէ նորմի` Նաիրա Զոհրաբյանը կրկին անգամ հիշեցրել է, որ ԼՂ-ի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է ժամանակին գործող օրենքներին եւ միջազգային նորմերին համապատասխան, եւ Հաագայի դատարանի որոշումը հերթական անգամ հաստատում է այն, որ այդ անկախության հռչակումը դե յուրե իրավազոր է, եւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի անկախությունը:




























