ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը NEWS.am-ի հետ զրույցում չբացառեց, որ կարող է ստանձնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը: Նա նշեց, որ իր՝ ԱԺ փոխնախագահ առաջադրվելու մասին լուրերին ծանոթացել է մամուլից: «Դրանք լուրեր են պարզապես, եւ որոշների կողմից դրված են շրջանառության մեջ: Բայց այդ մասին մեզ մոտ դեռեւս քննարկում տեղի չի ունեցել, կամ էլ՝ ես նման քննարկման չեմ մասնակցել»,-ասաց Բոստանջյանը:
ԲՀԿ ներկայացուցիչը միաժամանակ չբացառեց, որ եթե իրեն առաջարկվի ստանձնել ԱԺ փոխնախագահի պաշտոնը՝ ինքը կհամաձայնի: «Իրավիճակային փոփոխությունն է ենթադրում, թե ինչպես կվարվենք: Եթե կուսակցական առաջադրանք, հանձնարարություն լինի, ամեն դեպքում դժվար է հրաժարվելը: Բայց, բոլոր դեպքերում ես հակված եմ, որ նման բան չլինի այնքանով, որքանով որ իմ գտնված վայրը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ինձ ավելի հոգեհարազատ է»:
Հարցին, թե եթե իրեն հոգեհարազատ չէ ԱԺ փոխնախագահի պաշտոնն, ապա ո՞ւմ կցանկանար տեսել այդ պաշտոնում, Բոստանջյանը պատասխանեց. «Խմբակցությունից ցանկացած մարդ կարող է այդ պաշտոնում աշխատել: Չեմ կարող անուններ նշել, համ էլ սխալ կլինեմ, եթե հանկարծակի նման բան արտահայտած լինեմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ կարող է այդ պաշտոնը կրել»:
Վարդան Բոստանջյանը միաժամանակ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր կարծում են, որ հենց ինքն է ամենահարմար ու արժանավոր թեկնածուն: «Միայն կարող եմ շնորհակալ լինել այդ մարդկանց նման խոսերի համար, ուրիշ ոչինչ»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնն արդեն երկու օր է՝ թափուր է: Այդ պաշտոնում ԲՀԿ քվոտայով նշանակված Արեւիկ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:




























