ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունները: Այս մասին նշված է ՄԱԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Բան Կի Մունի մամուլի քարտուղարի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «սարսափելի հարձակումները հարված էին Եվրամիության կենտրոնի՝ Բրյուսելի սրտին»:
«Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ այդ հարձակումների պատասխանատուներն արագորեն կհանձնվեն արդարադատությանը: Նա չի կասկածում, որ Բելգիայում եւ Եվրոպայում մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն եւ խաղաղ գոյակցությանը հավատարմությունը պատասխան կլինեն ատելությանն ու ագրեսիային, որոնց այսօր նրանք զոհ գնացին»,- ասված է հայտարարությունում:




























