Բրյուսելում տեղի ունեցած պայթյունները ցնցել են ողջ Եվրոպան, սակայն ոչ մի զարմանալի բան չկա, որ հենց Բելգիան դարձավ ահաբեկիչների թիրախը, գրում է բրիտանական The Guardian թերթը:
Արմատական ակտիվությունն այդ փոքրիկ երկրում կենտրոնանալու համար բազմաթիվ նախադրյալներ կային: Դրանցից են մահմեդական փոքրամասնության վատ ինտեգրացվածությունը, գործազրկության բարձր մակարդակը, զենքի ազատ շրջանառությունը, տրանսպորտային եւ հեռահաղորդակցական ցանցերը, ինչպես նաեւ քաղաքական անկայունությունը: Այս ամենին պետք է գումարել նաեւ Բելգիայի իշխանությունների անհրաժեշտ զգոնության բացակայությունը, եւ այդ ամենը միասին վերցրած հանգեցրել է նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին:
The Guardian-ի փոխանցմամբ, ահաբեկչության արմատները գնում են 1980-ական եւ 1990-ական թվականների խորքը, երբ Մերձավոր Արեւելքում հուզումներ սկսվեցին: Շատ փորձագետներ հակված են Ֆրանսիայում եւ Բելգիայում ահաբեկչության սկիզբը կապել Ալժիրում քաղաքացիական պատերազմի հետ:
Նախորդ տասնամյակի առաջին կեսում, երբ ահաբեկիչները հարվածեցին Լոնդոնին եւ Մադրդիդին, Բելգիայում անվտանգության միջոցառումների խստացմանը անհրաժեշտ ուշադրություն չդարձվեց, իսկ ահաբեկիչներն ամրանում էին Եվրոպայում:
Պատերազմը Սիրիայում արագացրեց այդ գործընթացը: Մոտ 500 բելգիացիներ մեկնեցին պատերազմելու Մերձավոր Արեւելքում: Նրանցից շատերն անդամագրվեցին «Իսլամական պետությանը» եւ «Ջեբհատ ան Նուսրային», հետո արդեն ահաբեկչական հարձակումներին նախապատրաստված վերադարձան Եվրոպա:





























