Բրյուսելում ահաբեկչական հարձակումները հաստատում են «այսբերգի տեսությունը», որը նկարագրում է ահաբեկչությունների նախապատրաստության մոդելը, գրում է Business Insider-ը։
Ինչպես պարբերականի հետ զրույցում ասել է Վաշինգթոնի անվան համալսարանի աշխատակից Քլինթ Ուութսը, այդ տեսության համաձայն՝ ահաբեկչական ցանցի հիմնական մասը նկատելի չէ, ինչպես այսբերգինը։ Յուրաքանչյուր ահաբեկչի հետեւում անտեսանելի համախոհներ են կանգնած։
Պարբերականը մեկ այլ հոդվածում փորձում է հասկանալ, թե ինչու Բրյուսելի ոստիկանությունը չի կարողացել կանխել ահաբեկչությունները։ Անհայտ աղբյուրների փոխանցմամբ՝ Բելգիայում արմատականների շուրջ իրավիճակն այնքան լուրջ է, որ իրավապահ մարմիններն ուղղակի այդքան ուժեր չունեն՝ բոլոր հնարավոր չարագործներին հետեւելու համար։
«Մենք ուղղակի այդքան մարդիկ չունենք, որպեսզի հետեւենք։ Անկեղծ ասած՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներ չունենք՝ ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող հարյուրավոր անձանց վերահսկելու եւ միաժամանակ արդեն բացված հարյուրավոր գործերը վարելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։





























