Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում հայտարարված Լավագույն գրախոսականի մրցույթը:
Արդեն ամենամյա դարձած այս մրցույթի նպատակն է նպաստել ֆիլմերի գրախոսական ժանրի զարգացմանը Հայաստանում: Յուրաքանչյուր տարի փառատոնի մասնակիցները կարող են գրել իրենց գրախոսականները ֆիլմերի վերաբերյալ եւ ներկայացնել մրցույթին: Աշխատանքները գնահատում է պրոֆեսիոնալ ժյուրին` հաշվի առնելով ներկայացված աշխատանքների մասնագիտական հմտությունը:
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 20-ից ավելի աշխատանք: Հանձնաժողովի գնահատմամբ գլխավոր մրցանակին են արժանացել Սեգ Կիրակոսյանը եւ Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ եւ ժյուրիի գնահատմամբ արժանացել են հավասար միավորների:
«Ոգեւորիչ է տեսնել, որ փառատոնը նպաստում է ոչ միայն բրիտանական կինոարվեստի ներկայացմանը, այլեւ աջակցում գրախոսականի ժանրի զարգացմանը: Մեզ համար ուրախալի է, որ մրցույթին մասնակցում են ինչպես պրոֆեսիոնալ լրագրողները, այնպես էլ կինոսիրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:
«Անչափ ոգեւորիչ է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարի թվով ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում եւ մասնակցում արդեն ավանդույթ դարձած Լավագույն գրախոսականի մրցույթին։ Շնորհավորում եմ հաղթողներին եւ մաղթում նորանաոր ձեռքբերումներ։ Հավատացած եմ, որ Beeline-ը նման նախաձեռնություններով, օգնում է մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Գլխավոր մրցանակից զատ երեք մասնակից` Շողեր Պետրոսյանը`«Լսիր ինձ, Մառլոն», Հասմիկ Լեյլոյանը` «Ծովախեցգետինը» եւ Սարգիս Սարուխանյանը`«Ծովախեցգետինը» ֆիլմերի գրախոսակնների համար արժանացել են խրախուսական մրցանակների:
Բոլոր աշխատանքները ներկայացված են «Կինոաշխարհ» կայքում: Մրցանակները հաղթողներին կհանձնվի Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողության ընթացքում, որը տեղի կունենա մարտի 29-ին:
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան եւ Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա եւ Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երեւան FM 101.9-ը եւ AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը եւ Սիվիլնեթը:



























