Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները խարխլում են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վստահությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ջախջախման նպատակով ընտրված գծի ճիշտ լինելու վերաբերյալ եւ կարող են փոխել նրա արտաքին քաղաքականությունը: Այդ մասին գրում է The Washington Post-ը:
Օբաման, հիշեցնում է պարբերականը, բազմիցս հայտնել է, որ ահաբեկիչներին ոչնչացնելու իր ռազմավարությունը դանդաղ, բայց արդյունք տալիս է: «Նրա շուրթերից հայտարարություններ են հնչել Իրաքի` գրոհայինների կողմից գրավված տարածքի 40 տոկոսի եւ Սիրիայի տարածքի 20 տոկոսի ազատագրման վերաբերյալ», - գրում է պարբերականը: Սակայն, թերթի համաձայն, մարտի դաշտից վիճակագրությունը քիչ բան է նշանակում եւ այնքան էլ համոզիչ չի հնչում վախի մթնոլորտում, որ ստեղծել են հաճախացած ահաբեկչական գործողությունները:
«Պենտագոնի պլանները նախատեսում էին ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով ամերիկյան զորքի թվի ավելացում եւ նրանց առաքում ռազմաճակատի գծին ավելի մոտ, սակայն ԱՄՆ-ի առաջնորդը համարեց, որ այդ միջոցները հակաարդյունավետ են: Առաջարկված գործողությունների փոխարեն, նա որոշեց դաշնակիցեներին օգնել հետախուզական տվյալներ հավաքելու գործում», - նշված է հոդվածում, հայտնում է Gazeta-ն:




























