Եվրամիության երկրների հատուկ ծառայությունները պետք է ակտիվացնեն ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին մարտի 23-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես կարելի է լավագույնս համագործակցություն հաստատել մեր գաղտնի ծառայությունների միջեւ»,- ասել է Յունկերը:
Այդ առնչությամբ նա կոչ է արել բարձրացնել Եվրոպոլի համակարգող դերը՝ հավելելով, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ կապված առաջիկայում ԵՄ 28 երկրների ՆԳ նախարարների արտակարգ հանդիպում կանցկացվի:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան պայթյուններ են որոտացել Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Դատախազության տվյալներով, մահապարտները եղբայրներ էին՝ Իբրահիմ եւ Խալիդ Բաքրաուիները: Վերջինը կեղծ փաստաթղթերով բնակարան է վարձել Բրյուսելի Ֆոր թաղամասում, որտեղ մարտի 18-ին ոստիկանությունը երկարատեւ փոխհրաձգությունից հետո ձերբակալել էր Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալներից Սալահ Աբդեսլամին:





























