Հայտնվել են Բրյուսելի ահաբեկչությունների հետեւանքով զովածների, վիրավորների եւ անհետ կորածների առաջին անունները, հայտնում է BBC-ն։

Դեւիդ Դիքսոն, 51 տարեկան, անհետ կորած

Բրիտանացի ծրագրավորող Դեւդի Դիքսոնը անհետ կորածների ցուցակում է։ Նրա հարազատները ենթադրում են, որ Դիքսոնը մետրոյում է եղել այն պահին, երբ այնտեղ պայթյուն էր հնչել։ Նրա կինը՝ Շարլոթա Սաթքլիֆը, փորձում է ողջ քաղաքով որոնել նրան։

Բրիտանիայի ԱԳՆ տեղեկություններով՝ վիրավորների թվում կա Մեծ Բրիտանիայի 2 քաղաքացի, որոնց ինքնությունը չի հաջողվել պարզել։

Սեբաստիան Բելլեն, 37 տարեկան, վիրավոր է

Սեբաստիան Բելլեն, 37 տարեկան, վիրավոր է

Սեբաստիան Բելլենը այն լուսանկարում պատկերված տղամարդն է, որն առաջինը հայտնվեց համացանցում Բրյուսելի օդանավակայանի պայթյուններից հետո։

Բրազիլացին երկու երեխաների հայր է, Բելգիայի բասկետբոլի հավաքականի խաղացող։ Լուսանկարում երեւում է, որ նրա ոտքից արյուն է հոսում։ Բելլենի հոր խոսքով՝ պայթյունը նրան 2 մ վեր էր բարձրացրել։ Բեկորները խրվել են նրա ձախ ոտքի եւ աջ ազդրի մեջ։ Բելլենին վիրահատություն է սպասում։

Սաբրինա Ֆազալ, 24 տարեկան, անհետ կորած

Բելգիացի Սաբրինա Ֆազալի ընկերները պնդում են, որ նա մետրոյում է եղել, երբ «Մալբեկ» կայարանում պայթյուն էր հնչել։ Դրանից հետո չեն կարողանում նրա հետ կապ հաստատել։ Տանը նրան սպասում է փոքրիկ որդին, որը դեռ մեկ տարեկան էլ չկա։

Մորմոն միսիոներներ, վիրավոր են

4 միսիոներները վիրավորվել էին օդանավակայանում որոտացած պայթյունից, հայտնել են մորմոնական եկեղեցու ներկայացուցիչները։ Նրանցից երեքը ծանր վիրավոր են։

Նրանց թվում է 19-ամյա Մեյսոն Ուելսը, որը նախկինում բարեհաջող կերպով փրկվել էր 2013-ին Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից։

Մյուս տուժածների մասին տեղեկությունները խիստ սահմանափակ են։