Բրյուսելի ահաբեկչությունները ֆրանսիական մամուլի առաջին էջերին են։ «Հարված Եվրոպայի սրտում», «Շոկ», «Չհանձնվել», այսպիսի հուզական վերտառություններ են հայտնվել ֆրանսիական պարբերականների էջերում, գրում է RFI-ն։
Le Figaro. «Համընդհանուր պատերազմ»
Բոլոր եվրոպացիների եւ նրանց առաջնորդների համար ուղերձը պարզ է։ Եվրոպա մայրցամաքին վրա հասած ահաբեկչական փոթորկից ոչ ոք ապահովագրված չէ։ Գերմանիան, Ավստրիան, Հունաստանն ու այլ երկրները, որոնք միգրացիոն ճգնաժամի մեջ են, Ֆրանսիային մեղադրում էին անվտանգության գաղափարի վրա սեւեռվելու մեջ։ Եվ ահա իրականությունը հասավ նրանց. հնարավոր է, որ հաջորդը ցուցակում նրանք լինեն։ Սահմանին զգոնությունը, իսլամիզմի օջախները վերահսկելը, ԵՄ տարբեր երկրների իրավապահների համագործակցությունը անհրաժեշտ նվազագույն պայմաններն են։ Ֆրանսիան այլեւս չի կարող միայնակ պատերազմել Իրաքում եւ Սահելի գոտում։ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել։
Libération: «Չհանձնվել»
Սկզբում ժեստը. հարգել զոհերի հիշատակը, կիսել ընտանիքների վիշտը, շնորհակալություն հայտնել վիրավորներին օգնած մարդկանց։
Բրյուսելում սարսափ եւ բարբարոսություն է։ Փարիզի ահաբեկչություններից հետո հասկանալի էր, որ սպառնալիքը կախվել է Բելգիայի վրա։ Սակայն մենք ընտելացել ենք ճնշող մթնոլորտին եւ հույս ունեինք, որ ահաբեկիչներն ի վերջո կհրաժարվեն իրենց կույր, բարբարոս եւ արյունոտ հանցագործություններից։ Կամ որ նրանց կչեզոքացնեն։
Սալահ Աբդեսլամի կալանքը մարդկանց վերադարձրեց հույսը եւ հավատը դեպի այն մարդիկ, որոնք ամեն օր պայքարում են չարիքի դեմ։ Բայց ոչ... Խոցվեց հենց Բրյուսելի սիրտը։
La Croix: «Եվրոպայի սրտում»
Կարիք կա՞ արդյոք ասել, որ Բրյուսելը հյուրընկալ քաղաք է։ Այնտեղ զգում ես պարզություն, հանդիպում մարդկանց, որոնց հազվադեպ կարելի է տեսնել Եվրոպայում։ Դա ավելի է սաստկացնում քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների ցավը։ Ինչու՞։ Սա առաջին հարցն է, որը ծագում է, սակայն ամեն ահաբեկչությունից հետո այն ավելի աբսուրդ է թվում։ Ահաբեկիչների համար անմեղ եւ մեղավորներ չկան։ Կան թիրախներ։ Նշանակություն ունեն միայն ապակայունացման մասշտաբներն ու արձագանքը։
Սա հարված էր Եվրոպային, եւ պատասխան պետք է տա Եվրոպան։ Սակայն պատասխանը կարող է լինել միայն անվտանգության խստացումը։ Հին Եվրոպան պետք է ցուցաբերի հումանիզմի ավանդություններին իր հավատարմությունը։





























