«Հայոց աշխարհ»-ն անդրադարձել է սեպտեմբերի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթին,  գրելով,  թե այդ  «ծրագրային ելույթը» թեեւ մի փոքր տարբերվում էր վերջին մեկ տարվա նրա կրավորական-քաղաքական կեցվածքից, այնուհանդերձ տեղավորվում էր կոնգրեսի նախընտրական ընդհանուր մարտավարության համատեքստում:  «Իսկ մեզ համար հասկանալի է, որ նախքան առաջիկա գարնանը տրվող 2012թ. խորհրդարանական ընտրապայքարի մեկամյա մարաթոնի մեկնարկը, Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական թիմը կանգնած են հասարակության «մարող հիշողությունը» վառ պահելու հիմնախնդրի առաջ։ Ուստի «աշնանային սրացումների» հրահրումը խիստ անհրաժեշտ է նրանց, որ մինչեւ գարուն չմոռացվեն։  

Այդ նպատակով կարելի է բարձրացնել իշխանություններին ուղղված քաղաքական պահանջների նշաձողը, մեկ-երկու հանրահավաքների ու երթերի միջոցով հիշեցնել իրենց գոյության մասին։ Այդ ամենն անհրաժեշտ է նաեւ Հայաստանով շահագրգիռ ուժի կենտրոններում եւս Տեր-Պետրոսյանի հանդեպ թուլացող հետաքրքրությունը վերականգնելու եւ պահպանելու համար։  Լ.Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն նախկին ու ներկա այլ առաջնորդների, մեկ անգամ արդեն «վերադարձել է»՝ այդ ընթացքում հասցնելով լիովին սպառել «թագավորի երկրորդ հայտնության» քաղաքական տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունները։ Մտածել, որ հնարավոր է խաղարկել երրորդ կամ չորրորդ «հայտնություններ»,  ավելի քան անլուրջ է»,-գրում է թերթը։