«Առավոտ»-ն իր խմբագրականում անդրադարձել է youtube-ում հայտնված հայտնի տեսագրությանը: «Երբ youtube-ում հայտնվեց զինվորների խոշտանգումը փաստող տեսագրությունը, ես ենթադրեցի, որ այդ հանցագործությունը կատարած «սպային» կփորձեն ազատել պատասխանատվությունից: Բարեբախտաբար, սխալվեցի: Հիմա էլ մտահոգությունս այն է, որ այդ ֆաշիստին կտան չափից դուրս մեղմ պատիժ:
Իսկապես, ՀՀ քր. oր.-ի 375 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, որը պատժվում է 2-5 տարի ժամկետով, մայոր Սասուն Գալստյանի հանցանքին, կարծես թե, չի համապատասխանում: Մասնագետները, իհարկե, պետք է ասեն իրենց խոսքը, բայց ուզում եմ հիշեցնել, որ օրինակ, նույն օրենսգրքի 63-րդ հոդվածի 11-րդ կետը, որպես պատիժը ծանրացնող հանգամանք, նախատեսում է «հանցանքն առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով կատարելը»: Վստահ եմ, կգտնվեն այլ հոդվածներ, որոնց հանրագումարով հնարավոր կլինի այս պաթոլոգիկ ուռոդին մի 10 տարով մեկուսացնել հասարակությունից: Ինչի՞ համար է դա պետք:
Որպեսզի մենք՝ ծնողներս, վստահ լինենք, որ մեր երեխաները, բանակ զորակոչվելիս, նման սադիստների ձեռքը չեն ընկնի: Որպեսզի ցանկացած նման «սպա», ում «շարիկները» այնքան պակաս են, որ նա իր «ազատ ժամանցը» կազմակերպում է երեխաներին ստորացնելով, խոշտանգելով եւ այդ միջոցով ինքնահաստատվում ու «կայֆ» է ստանում, հաջորդ անգամ նույն «կայֆը» ստանա գլուխը պատով տալու միջոցով: Իհարկե, մեկ հոգու խստորեն պատժելով, նման արդյունքի հնարավոր չէ հասնել»:




























