Մարտի 1-ի փաստերն ուսումնասիրող փաստահավաք խմբի ընդդիմադիր նախկին անդամներ Սեդա Սաֆարյանը («Ժառանգություն») եւ Անդրանիկ Քոչարյանը (Հայ ազգային կոնգրես) օգոստոսի 24-ին ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին են ուղել իրենց թվով 4-րդ զեկույցը, որում փաստեր են ներկայացրել, որ մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել են ոչ միայն ուժային կառույցները, այլեւ հայաստանյան մի շարք օլիգարխների եւ բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահներ եւ թաղային խուժանը, մոտ 950 հոգի:

ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այդ անձանց անգամ բանակային համազգեստ է բաժանվել: Ի դեպ, փաստահավաք խումբը փորձել է ՊՆ իրացման պահեստներում ճշտել տեղեկությունը, բայց իրենց ծրագրավորված կերպով խոչընդոտել են:

Քոչարյանը, ըստ իր խոսքերի, մի քանի սենսացիոն փաստ ներկայացրեց, որոնք ապացուցում են, թե իշխանություններն առ այսօր խաբել են ժողովրդին: Մասնավորապես ըստ պաշտոնական վարկածի՝ պաշտպանության նախարարության ուժերը Երեւան են մտել արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 1-ի երեկոյան, սակայն ՀԱԿ-ը կադրեր ունի, որտեղ հստակ երեւում են ՊՆ համարանիշներով մեքենաներ՝ ինքնաձիգերով զինված զինծառայողներով, իսկ նկարներով պարզ երեւում է ժամը՝ 16,45: Ավելին, Մելիք-Ադամյան փողոցում, ըստ Քոչարյանի, առավոտից տեղակայված են եղել զինված հրոսակներ:

Փաստահավաքի անդամները նաեւ հայտնեցին, որ իրենք իրենց զեկույցներում բացահատել են, թե ովքեր են դիմակավոր անձինք, որոնք մարտի 1-ի երեկոյան՝ Մաշտոցի պողոտայում կրակում էին ցուցարարների ուղղությամբ: Քոչարյանը նշեց, որ իրենց ասել են, թե կրակողները իբր դատարկ փամփուշտներով են կրակել, բայց առ այսօր այդ անձանց չեն հարցաքննել:

Փաստահավաք խմբի անդամները նաեւ հայտնեցին, որ իրենք առաջիկայում ներկայացնելու են 5-րդ զեկույցը՝ մարտի 1-ի առավոտյան ազատության հրապարակում ոստիկանների գործողությունների իրավաչափության եւ օրինաչափության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Սերժ Սարգսյանի հրամանով 2008թ. աշնանը փաստահավաք խումբ ստեղծվեց, որը պիտի շատ հարցերի պատասխան տար, սակայն յոթ ամիս աշխատելուց հետո խումբը լուծարվեց, եւ խմբի ընդդիմադիր անդամները առանձին զեկույցներ ներկայացրին: