Մեր օրերում աշխարհը հույսի կարիք ունի: Այս մասին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Զատկի գիշերը urbi et orbi (քաղաքին եւ աշխարհին) ուղղված մաղթանքում հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Իտալական l’Avvenire-ի փոխանցմամբ, նա քրիստոնյաներին կոչ է արել ավետել Քրիստոսի հարության մասին, կյանքում լույս փնտրող մարդկանց՝ տխրությամբ ծանրացած սրտերում վերածնել հույսը:

Հռոմի պապը բոլորին կոչ է արել «Աստծո առաջ բացել մեր գերեզմանները», որպեսզի «Հիսուս մեր կյանք մուտք գործի»: Հենց Նա է ցանկանում «գալ եւ բռնել մեր ձեռքից, որպեսզի մեզ դուրս բերի հուսալքությունից»: Սակայն առաջին քարը, որը պետք է հրել, «հույսի պակասն է, որը մեզ փակում է մեր մեջ»:

Այդ պատճառով հարկավոր է դիմել Աստծուն, որպեսզի Նա հավատացյալներին ազատի առանց հույսի քրիստոնեության սարսափելի անդունդից: