Բրիտանական «The Daily Mail» պարբերականը խորհրդարանի պաշտոնական կայքում ստորագրահավաք է նախաձեռնել՝ Բրիտանիայի կառավարությանը կոչ անելով հրաժարվել օրենքից, որը պահանջում է ազգային բյուջեի 0.7%-ը ծախսել օտարերկրյա օգնության համար:

Պարբերականը մի քանի օրինակ է ներկայացնում, թե ինչպես է կառավարությունը հսկայական գումարներ ծախսել արտասահմանում թրեյնինգների եւ սեմինարների համար: Դրանցից մեկն էլ Հայաստանում անցկացված մեդիա-թրեյնինգն է, որը վարել է քաղաքական տեխնոլոգ Լենս Փրայսը:

Փրայսը կարիերան սկսել է BBC-ում, այնուհետեւ որպես քաղաքական տեխնոլոգ աշխատել նախկին վարչապետ Թոնի Բլերի թիմում: Նա մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Բլերի ռեժիմի մասին գիրք գրելուց հետո: Պարբերականի փոխանցմամբ, Փրայսին ավելի քան 8 հազար ֆունտ սթեռլինգ են վճարել՝ Երեւանում մեկշաբաթյա սեմինար անցկացնելու համար:

Չափազանց մեծ ծախսերի ցանկում ներառված է նաեւ Թուրքիայում ԼԳԲՏ հանրության իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումը, որը 3 հազար ֆունտ է արժեցել: